Էկոլոգիական թեժ կետեր


“Դիլիջան” ազգային պարկ. առկա բնապահպանական պրոբլեմները

”Յուրաքանչյուր ոք ունի խոսքի ազատության իրավունք՝ ներառյալ տեղեկություններ ստանալու ազատություն”

ՀՀ   ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ, Հոդված 24  

“Ներկայիս եւ ապագա սերունդների յուրաքանչյուր մարդու իրավունքի՝ ապրել շրջակա միջավայրում, որը բարենպաստ է նրա առողջության եւ բարեկեցության համար, յուրաքանչյուր Կողմը երաշխավորում է տեղեկատվության մատչելիության իրավունք, հասարակայնությանը՝ որոշումների ընդունման գործընթացի մասնակցության իրավունք՝ շրջակա միջավայրի հետ կապված հարցերով ”:

ՕՐՀՈՒՍԻ ԿՈՆՎՈՆՑԻԱ, Հոդված 1
 

Նախապատմություն

Կովկասի տարածաշրջանային բնապահպանական կենտրոնի (REC CAUCASUS) ԶԼՄ-ների եւ հասարակայնության հետ կապերի ծրագրի շրջանակներում, Եվրոխորհուրդի աջակցությամբ լրագրողների համար կազմակերպվեց երկրորդ մեդիա-տուրը: Ուղղությունը Դիլիջանն էր, նպատակը՝ տեղում Դիլիջանի բնապահպանական հիմնախնդիրներին ծանոթանալն էր, տեղի պաշտոնյաներից եւ ծրագրի փորձագետներից անհրաժեշտ բոլոր տվյալների ստացումը, իսկ  վերջնական ակնկալիքը՝ ԶԼՄ-ներում այդ պրոբլեմների արծարծումը, հասարակայնությանը շրջակա միջավայրի վերաբերյալ հավաստի տեղեկատվություն տալը:

Պետական արգելոց, թե՞ Ազգային պարկ

“Դիլիջան” ազգային պարկի ընդհանուր տարածքը 28 հազար հեկտար է, բաժանված է մի քանի գոտիների: Ծրագրի փորձագետ, ՀՀ ԳԱԱ Հիդրոէկոլոգիայի եւ ձկնաբանության ինստիտուտի գիտքարտուղար Էվելինա Ղուկասյանը փաստում է, որ որպես պետական արգելոց՝ Դիլիջանի արգելոցը երբեք չի համապատասխանել իր կարգավիճակին, քանի որ պետական արգելոցներում արգելված է տարբեր տեսակի բնակավայրերի գոյությունը, գազատարի, երկաթգծի առկայությունը, բարձրլարման հոսանքատար գծերը, ինչն առկա է եղել այստեղ՝ արգելոց համարվող այս տարածքում: Փաստենք, որ “Դիլիջան” ազգային պարկը նախապես ստեղծվել է որպես պետական արգելոց եւ նպատակ է ունեցել պահպանել Հյուսիսային Հայաստանի  կաղնու եւ հաճարենու կովկասյան տիպի  անտառները, ինչպես նաեւ մեզոֆիլ անտառային լանդշաֆտները: Հետագայում, սակայն, պարզ է դառնում, որ արգելոցը հարուստ է կենսաբազմազանությամբ եւ առաջ են գալիս նոր խնդիրներ՝ բուսական եւ կենդանական աշխարհի հատուկ տեսակների պահպանության հետ կապված: Հաշվի առնելով այս հանգամանքը, ինչպես նաեւ այն, որ արգելոցի տարածքում տնտեսական գործունեությունն անխուսափելի է, արգելոցը 2002թ. վերափոխվեց Ազգային պարկի: Բավականին հետաքրքիր բուսական աշխարհ ունի Դիլիջանի պետական արգելոցը: Այստեղ հայտնաբերված են ավելի քան 900 բուսատեսակներ, որոնցից 40-ը անհետացող կամ անհետացման եզրին գտնվող բուսատեսակներ են, իսկ 29-ը ընդգրկված են Հայաստանի Կարմիր գրքում: Այստեղի հազվագյուտ, երրորդ դարաշրջանի բուսատեսակներից են, օրինակ, կենին, կովկասյան մրտավարդը եւ այլն: Տարիներ առաջ փորձ է արվել կլիմայավարժեցնել վարազը եւ ուսուրական եղջերուն:  Փորձագետը փաստում է, որ Հաղարծինի ձորում մեծ հաջողություն է արձանագրվել հատկապես վարազի կլիմայավարժեցման աշխատանքների ուղղությամբ. “այստեղ բերված 60  կենդանիները մեծ հաջողությամբ բազմացել են ու մինչ այսօր էլ պահպանվում են”: Իսկ ուսուրական եղջերուների 130 առանձնյակներից, Է. Ղուկասյանի խոսքով, մի քանի տարի անց կենդանաբանների կողմից արդեն գրանցվել էին 380-ը: Իսկ թե ներկա պահին վիճակն ինչպիսին է, փորձագետը դժվարացավ ասել, քանի որ վերջին տարիներին գիտական հետազոտություններ ու ուսումնասիրություններ, մեղմ ասած, չեն իրականացվում ֆինանսների բացակայության պատճաառով:            

...Եվ կտրվելուց հետո է միայն երեւում ծառի բուն հաստությունը...

                                                                                                             ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ

 “Դիլիջան” ազգային պարկի գլխավոր անտառագետ Սուրեն Աղաջանյանի խոսքով՝ 90-ական թվականների ցուրտ ու մութ տարիներին Դիլիջանի տարածքում, ի տարբերություն մեր հանրապետության մյուս բնակավայրերի,  մասսայական անտառահատումներ չեն կատարվել: Իհարկե, կան հատվածներ, ուր, ըստ Աղաջանյանի,  անտառի խտությունը 0,9-ից իջել է մինչեւ 0,6-ի, անգամ կան հատվածներ, ուր այն հասել է մինչեւ 0,2 խտության, սակայն “մասսայական անտառահատումներ այստեղ չեն եղել”: Գլխավոր անտառագետը սա կապում է այն բանի հետ, որ Դիլիջանի անտառների վրա երբեք պլաններ չեն եղել դրված:   Ձեռքդ ետ տար ցավի վրայից…Իսկ աչքը տեսածից է վախենում: Շրջելով Դիլիջան ազգային պարկի տարածքում ուղղակի չես կարող չտեսնել, որ երբեմնի խիտ ու հարուստ անտառների շատ հատվածներ նոսրացել են այնքան, որ բազմաթիվ հատվածներում ծառերի արանքներում բացատներ են գոյացել: “Մեծերը սիրում են թվերով խոսել”,-կասեր Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի հանրահայտ հերոսը: Սակայն  թվերից խուսափել այս դեպքում անհնար է: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ միայն 2002-2003թթ.Հայաստանում օգտագործվել է մեկ միլիոն խորանարդ մետր փայտ... Իսկ անտառային գոնե եղած ռեսուրսները պահպանելը անապատացման վտանգն աչքի առաջ ունեցող Հայաստանի համար այսօր կենսական խնդիր է: Փաստենք, որ Հայաստանի անտառապատ տարածքները կազմում են մոտավորապես 11 տոկոս: Օպտիմալ անտառապատման ընդունված նորման պահանջում է, որ այն լինի առնվազն 20 տոկոս: Իսկ սա նշանակում է, որ մենք այսօր Հայաստանում ունենք այդ օպտիմալ նորմայի կեսը միայն: Թվերն երբեմն իսկապես խոսուն են:             

Ընդամենը 12.000 դրամ հայրենի անտառների պահապաններին

Դիլիջանի ներկայումս արգելված չէ թափուկների շահագործումը: Եվ հենց այս է պատճառը նաեւ, որ ապօրինի հատումները Դիլիջանում, Սուրեն Աղաջանյանի հավաստմամբ, գրեթե վերացել են: Ըստ նրա՝ թափուկների շահագործումը թույլատրելը ճիշտ որոշում էր: Մեկ խորանարդ մետր թափուկի համար պետությունը սահմանել է 2400 դրամ: Անտառագետը կարծում է, որ եթե թափուկների շահագործումը արգելվեր, ապա մարդիկ ստիպված կգնային ծառահատումների, եւ այն էլ՝ մեծ մասշտաբներով: Ապօրինի հատումները նվազել են նաեւ այն պատճառով, որ բավականին բարձրացել են ծառերը կտրելու համար նախատեսված տուգանքների չափերը: Հետո գազաֆիկացվել է Դիլիջանի գրեթե ողջ տարածքը: Եվ այս ամենի հետեւանքով՝ նախորդ տարիների հետ համեմատած, ըստ գլխավոր անտառագետի, գրեթե տասն անգամ նվազել են ապօրինի ծառահատումները: “Դիլիջան” ազգային պարկն այսօրվա դրությամբ ունի 45 անտառապահ, որոնք ամսեկան ստանում են, ծիծաղելի չլինի ասելը, 12 հազար դրամ աշխատավարձ: Լրագրողների այն հարցին, թե “12 հազար դրամ ստացողը ինչպե՞ս կարող է անտառը պահել ու չգնալ ապօրինությունների”, գլխավոր անտառագետը պատասխանեց, թե գյուղացու ապրուստը միայն դա չի, նա ունի անասուն, հողատարաածք եւ այլն, եւ հետո “գյուղում աշխատանք չկա, իսկ եթե լինում է՝ աշխատանքի ընտրություն չկա”: Իսկ թե որքանով են հավաստի այս տվյալները, մանավանդ եթե հաշվի առնենք, որ գիտական լուրջ հետազոտություններ ու ուսումնասիրություններ այստեղ չեն կատարվում 90-ական թթ. սկզբներից ի վեր, դժվար է ասել:

Փրկել, թե՞ չփրկել...

 Նշենք նաեւ, որ բացի ապօրինի անտառահատումներից, “Դիլիջան” ազգային պարկն ունի նաեւ այլ խնդիրներ: “Դիլիջան” ազգային պարկի առջեւ այսօր ծառացել է կենու պուրակի ներկայիս վիճակը: Կենին ռելիկտային, երրորդ դարաշրջանի բուսատեսակ է, ապրում է մինչեւ 1000 տարի: Դիլիջանի կենու պուրակում, որը զբաղեցնում է մոտ 25 հեկտար տարածություն, այսօրվա դրությամբ, ըստ Էվելինա Ղուկասյանի, բնական վերարտադրաման գործընթացը չի ընթանում, այստեղ կարելի է հանդիպել մինչեւ 500-550 տարեկան ծառերի: Կենին աճում է հիմնականում լայնասաղարթ անտառներում՝ մյուս ծառերի հետ միասին: Եվ նրանց սաղարթների հետեւանքով առաջացած թաղիքը թույլ չի տալիս, որպեսզի կենու սերմերը հասնեն հողին եւ նոր ծիլեր արձակեն: Իսկ կենու պուրակը գտնվում է արգելոցային գոտում եւ բնական է, որ այստեղ մարդու ցանկացած միջամտությունն արգելվում է: Եվ հիմա գիտնականներն այս հարցում կանգնած են փաստի առջեւ. “մի կողմից խիստ մեծ է ցանկությունը՝ փրկելու եւ պահպանելու այս ռելիկտային բուսատեսակը, դրա հետ նաեւ՝ փրկելու պուրակը ծերացումից, մյուս կողմից, եթե միջամտենք, ապա բնական զարգացման ընթացքը խախտած կլինենք”:

Ականջդ բեր՝ ասեմ...

Արդեն 15 տարի է, ինչ Ազգային պարկին տրանսպորտային ոչ մի միջոց չի հատկացվել:  Ֆինանսների բացակայության պատճառով անտառշինարարական աշխատանքներն այստեղ վերջին անգամ կատարվել են 85-86թթ: Էվելինա Ղուկասյանը իրավացիորեն փաստում է, որ միայն անտառշինարարական աշխատանքների արդյունքում կարող է պարզ դառնալ, թե այսօր ինչ խտության անտառ է մնացել Դիլիջանում, որքան է անտառն իրականում տուժել այս տարիներին եւ ընդհանրապես՝ ինչ ունենք մենք այսօր: Ըստ փորձագետի՝ խիստ արդիական է նաեւ սահմանների ճշգրտման, գոտիավորման, քարտեզագրման աշխատանքների կյանքի կոչումը: Փորձագետը տեղեկացրեց նաեւ, որ դեռեւս 2 տարի առաջ Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ “Չքավորության դեմ պայքարի” ծրագրի “Հատուկ պահպանվող տարածքների բարելավում” ենթակետով Դիլիջանում եւ Սեւանում պետք է սկսվեր մի լայնամասշտաբ ծրագիր: Ծրագրով նախատեսվում էր բարեկարգել Սեւանի եւ Դիլիջանի ազգային պարկերը: Ծրագրի տենդեռային փուլն ավարտվել է հունիսին: Ղուկասյանի տվյալներով՝ շահել է ֆրանսիական ինչ-որ կազմակերպություն, որը ծրագիրը պետք է իրականացնի հայկական կողմի հետ համատեղ:  Նա նաեւ տեղեկացրեց, որ վերոհիշյալ ծրագրով նախատեսվում են հսկայական ներդրումներ. “Սեւան” եւ “Դիլիջան” ազգային պարկերը պետք է զինվեն համապատասխան նյութատեխնիկական բազայով, պիտի համալրվեն տեխնիկայով, անասուններով եւ փոխադրամիջոցներով:  Փորձագետը հույս ունի, որ եթե ծրագիրն իրականացվի բարեխղճորեն, երկու ազգային պարկերն էլ մեծ օգուտ կստանան: Բայց նա նաեւ փաստում է. “Ես կնախընտրեի, որ այս ծրագիրը հիմնականում իրականացվեր հայ մասնագետների ջանքերով, քանի որ հսկայական գումարներ են ծախսվելու միայն դրսից մասնագետներին հրավիրելու, նրանց տեղի խնդիրներին ծանոթացնելու, ուսումնասիրություններ անցկացնելու վրա”: Իսկ որ մասնագետներ մենք ունենք, դա անժխտելի է: Մնում է ունեցածը ճիշտ գնահատել եւ այն էլ՝ ժամանակին:  

Նարինե Վարդանյան
© ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ