Էկոլոգիական թեժ կետեր


Պարզ լիճը բնական ծերացում է ապրում..

Դիլիջանի ռեկրացիոն գոտու գողտրիկ մի անկյունում տարածված է հրաշագեղ Պարզ լիճը: Տարածքը 2հա. է, երկարությունը՝ 250մ., լայնությունը 70մ.: Ներկա դրուէթյամբ լիճը բավականին կանաչած է: Իսկ դա, ըստ ՀՀ ԳԱԱ Հիդրոէկոլոգիայի եւ ձկնաբանության ինստիտուտի գիտքարտուղար Էվելինա Ղուկասյանի, վկայում է այն մասին, որ լիճը բնական ծերացում է ապրում: Հատակի բարձրացման հաշվին տարիներ անց ափամերձ բուսականությունը կտարածվի դեպի կենտրոն եւ լիճը կվերածվի ճահճի: Էվելինա Ղուկասյանն ասում է, որ օրգանական նյութերը քայքայվելով, փտելով, ապա՝ խառնվելով անձրեւաջրերի հետ, թափվում են լիճ եւ այն հարստացնում կենսածին տարրերով: Իսկ օրգանական նյութերով հարուստ ջրերի հատակի նստեցման պրոցեսներն ավելի արագ են ընթանում, քան մաքուր ջրերինը: Փորձագետը հավաստիացնում է, որ սա բնական ընթացք է: Ցանկացած ջրային էկոհամակարգ ժամանակի ընթացքում ծերանում է: Ծերացման ընթացքը, բնության բնական մնացորդների հաշվին լճի օրգանական նյութերով հարստանալը թերեւս բնական է ու հասկանալի: Անհասկանալի է սակայն, որ մարդն ինքն էլ է նպաստում այդ գործընթացին: Լճի ողջ տարածքում թափթփված պլաստիկե շշերը, կենցաղային աղբը, բնականաբար, չեն կարող չազդել լճի ընդհանուր էկոհամակարգի վրա: Լիճը ծերացումից ու ճահճացումից փրկել գուցե չհաջողվի, բայց գոնե տարածքը մաքուր պահել, աղբից ու կեղտից այն ազատել կարող ենք յուրաքանչյուրս՝ գոնե մեր ետեւից աղբ ու մնացորդներ այնտեղ չթողնելով:

Նարինե Վարդանյան
© ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ