|
Դիլիջանի գողտրիկ անկյուններից մեկում պարզ մի դիլիջանցու՝ Աշոտ Քոչարյանի, երկարատեւ ու տքնաջան աշխատանքի շնորհիվ գործում է Բազմերանգ իշխանի ձկնկիթների գիտաարտադրական կենտրոնը, գործում է 1989 թվականից: Առաջին անգամ այստեղ է որ սելեկցիոն ճանապարհով ստեղծվել է իշխանազգի այս ձկնատեսակը՝ իր տարատեսակներով, որին թե դիլիջանցիները, թե ինքը՝ տերը, անվանում են “ոսկե իշխան”: Ա. Քոչարյանը ասում է, որ բազմացումը նորմալ է կատարվում: Կերը բերվում է արտասահմանից, հիմնականում՝ Հոլանդիայից: Բայց նա հույս ունի, որ շատ շուտով տեղում կկարողանան ստեղծել սեփական կերային բազա: Կարեւորում է այն փաստը, որ կարողանում է տնտեսություններին ապահովել նոր ձկնատեսակներով:
Իր աշխատանքից հիրավի գոհ Աշոտ Քոչարյանը հիշում է.”Նախկինում այստեղ ոչինչ չկար: Ամեն ինչ մեր սեփական ձեռքերով ենք ստեղծել, բառիս բուն իմաստով, թե՛ գիտաարտադրական կենտրոնը, թե՛ ջրամբարները, թե՛ կասկադը, թե՛ շրջակայքը: Եվ ամենակարեւորը՝ տարածքին էկոլոգիական վնաս չենք տվել”:
Իշխանի բազմացման համար պայմանները բարենպաստ են: Այստեղ ջերմաստիճանը հաստատուն է, ձմռանը ջուրը չի սառում, իսկ դա, ըստ մասնագետների, ձկնաբուծության համար նպաստավոր ամենակարեւոր պայմանն է:
Դիլիջանի անտառների մեջ ծվարած այս փոքրիկ կենտրոնի տերը գոհ է իր աշխատանքից եւ այդ աշխատանքի արդյունքից: Նա իր եկամուտները չի հաշվում: “Ես հաշվարկներ չեմ արել, ներդրել եմ ու ներդնում եմ այնքան, ինչքան կարողանում եմ: Եկամուտների ստացումը երկար տարիներ ու ժամանակ է պահանջում”: Ըստ Աշոտ Քոչարյանի՝ Կենտրոնը մեծ մակարդակի սպառման խնդիր դեռ չունի: Սպառումը հիմնականում կատարվում է մարզի տարածքում:
Նարինե Վարդանյան © ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ
|