Էկոլոգիական թեժ կետեր


SOS- “Գոշավանք” պատմաճարտարապետական համալիրը փլուզման եզրին է...

Դիլիջանը հարուստ է պատմամշակութային գեղեցիկ հնամենի հուշարձաններով ու վանքերով: Դրանցից մեկը՝ “Գոշավանք” պատմաճարտարապետական համալիրը, որը մեզ է ժառանգվել 11-րդ դարից, այսօր փլուզման եզրին է: Հատկապես խիստ անբարենպաստ վիճակում է նույնանուն եկեղեցին: Հայաստանի հուշարձանների պահպանության “Գոշավանք” պատմաճարտարապետական համալիրի տնօրեն Արծրուն Հովսեփյանը փաստում է, որ այս եկեղեցին 300 տարի է, ինչ չի վերանորագվել: 1961 թվականին այստեղ կատարվել է ծածկերի մասնակի նորոգում, եւ այն էլ՝ քարի սխալ տեսակի ընտրության հետեւանքով 5-10 տարում քայքայվել է այդ նորագված մասը, եւ հիմա ջրերը հանգիստ հոսում են եկեղեցու պատերն ի վար, թափանցում են եկեղեցու ներսը՝ քայքայելով դարեր դիմակայած որդան կարմիրով գրվածարձանագրությունները: Իսկ այդ վիմագիր արձանագրությունները բավականին հարուստ նյութ են պարունակում միջնադարյան Հայաստանի սոցիալտնտեսական, քաղաքական, պատմական իրավիճակի մասին: Համալիրի տնօրենի հավաստմամբ՝ հատկապես որդան կարմիրով գրված արձանագրությունների կորուստը կարող է անդառնալի լինել հայոց պատմագրության համար: Վթարային վիճակում են Համալիրի մի շարք հուշարձաններ: Ինչպես նշեց Արծրուն Հովսեփյանը, հատկապես խիստ վթարային են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, Գավիթը, Մատենադարանը, Զանգակատունը, Գրատունը, որոնց թեք լանջերի քարերը քայքայվել են տարիների ընթացքում եւ հիմա թափվում են ցած՝ սպառնալով նաեւ այցելուների կյանքին: “Գոշավանք” պատմաճարտարապետական համալիրի ամբողջական վերականգնման, նորոգման համար, ըստ Արծրուն Հովսեփյանի, անհրաժեշտ է ընդամենը 260 հազար դոլլար: Որոշվել է ստեղծել Գոշավանքի փրկության ֆոնդ: Տնօրենը հույս ունի, որ ներկայումս Ստավրոպոլի երկրամասում բնակվող գոշավանքցի մեծահարուստները կօգնեն ու կաջակցեն Համալիրի վերանորոգման աշխատանքների իրականացմանը: Այս ուղղությամբ աշխատանքներ տարվում են արդեն այսօր: Սակայն Հովսեփյանը ցավով է նշում, որ մեր օրերում հայտնի շատ մեծահարուստներ գերադասում են ավելի շուտ իրենց անուններով նոր եկեղեցիներ կառուցել, քան պատմամթակութային նմանօրինակ եզակի արժեքների վերականգնման համար գումարներ տրամադրել: “Գոշավանք” պատմաճարտարապետական համալիրի ողջ տարածքում կա մոտ 320 հուշարձան՝ ավանդված ամենավաղ շրջաններից: 1987 թվականին այստեղ կատարված պեղումների ժամանակ հայտնաբերվել է մեծ դամբարանադաշտ եւ ժայռապատկերներ, որոնք համարվում են Հյուսիսային Հայաստանի առաջին ժայռապատկերց եւ որոնց վաղեմիությունն անցնում է 6000 ատրուց: Այս փոքրիկ հատվածում իրար կողքի կա դամբարանադաշտ, բազմաթիվ հուշարձաններ, խաչքարեր, մատուռներ, գյուղատեղեր եւ եկեղեցական համալիր: Այստեղ է գտնվում նաեւ պատմական Գոշալիճը, որը ավանդության համաձայն համարվել է հայ Արշակունիների ամառանոցը: Եկեղեցական համալիրը բաղկացած է յոթ կառույցներից /Գրատուն-զանգակատուն եկեղեցի, Մայր աստվածածին եկեղեցի, Գավիթ, Սուրբ Գեւորգ Լուսավորիչ եկեղեցի, Սուրբ Գրիգոր եկեղեցի, Գոշի դամբարան-մատուռ/: Ամենահին կառույցը 1-ին դարի կիկլոպյան պատն է, որն հետագայում օգտագործվել է որպես սեղանատուն: Տարածքում կան բազմաթիվ հնավայրեր, մեծ արժեք ունեցող պատմական հուշարձաններ, որոնցից շատերը դեռեւս ուսումնասիրված չեն: Իսկ պատմամշակութային համալիրի տնօրենը վստահ է, որ այստեղ ուսումնասիրելու բազում հնագիտական նյութ կա եւ բազմաթիվ գտածոներ դեռ սպասում են նոր տեխնիկայով եւ տեպնոլոգիաներով զինված իրենց ուսումնասիրողին: Իսկ Համալիրի պատմությունն այսպես է եղել: Մխիթար Գոշը 65 տարեկան էր, երբ 1185 թվականին եկավ այստեղ ու երկրաշարժից ավերված Հինգետիք եկեղեցու տարածքում հիմնեց փայտաշեն առաջին եկեղեցին, որը հետագայում դարձավ քարաշեն, կոչվեց Նորգետիք, իսկ Գոշի մահից հետո վերանվանվեց հիմնադրի անունով՝ Գոշավանք: Այստեղ հիմնված երկրորդ կառույցը՝ Գավիթն է՝ կառուցված 1191-1197թթ,որը Կենտրոնական եկեղեցու հետ միասին համարվում է հայ աշխարհիկ ճարտարապետության գլուխգործոցներից մեկը: Հետագա տարիներին, 65 տարվա ընթացքում, կառուցվում են պատմամշակութային մյուս կառույցները: Առաջին անգամ եկեղեցու շինարարկան աշխատանքները դադարեցվել են արաբական արշավանքների ժամանակ, երկրորդ անգամ՝ 1241 թվականին՝ արդեն թաթար-մոնղոլների Հայաստան ներխուժումը հնարավորություն չի տալիս շարունակելու Համալիրի կառուցապատումը, եւ Մայր եկեղեցու գմբեթը այդպես էլ մնում է կիսակառույց: 1198 թվականից սկսած Գոշավանում Մխիթար Գոշի ջանքերով սկսել է գործել հոգեւոր բարձրագույն ճեմարան՝ Համալսարան, ուր դասավանդվել են հայ վիմագրական արվեստ, աստղագիտություն, ճարտարապետություն, իրավաբանություն, դիվանաբանություն, երաժշտական արվեստ եւ այլ առարկաներ: Այս համալսարանում են սովորել միջնադարյան հայ գրականության եւ եկեղեցու բազմաթիվ նշանավոր դեմքեր, ինչպես Կիրակոս Գանձակեցին, Վանական Վարդապետը, Մարտիրոս Սարկավագը եւ ուրիշներ: Հենց այստեղ՝ Հինգետիքավանքում, 1184 թվականին Գոշը սկսում է գրել իր հանրահայտ “Դատաստանագիրքը”: Բազմաթիվ անգամներ է այս համալիրը ծաղկում եւ անկում ապրել, բազմաթիվ անգամներ տեսել է հրոսակախմբեր, վայրագություններ, դաժանություններ, բայց ամեն անգամ կարողացել է ինչ-որ կերպ ոտքի կանգնել, ծռված իր մեջքը բարձրացնել: Արծրուն Հովսեփյանը համարում է, որ Գոշավանքը խորը անկում է ունեցել մեկ 1375 թվականին, երբ մոնղոլ զորապետ Նուխտայի բանակը նվաճեց Հյուսիսային Հայաստանը ու սրի քաշեց տեղի ողջ միաբանությանը: Անգամ այս օրերի մասին կա պատմական ավանդություն. հայ հոգեւորականները ոչ մի գնով չեն համաձայնել մոնղոլ փաշային տալ եկեղեցու գանձերը, եւ միայն այն ժամանակ, երբ Նուխտար փաշան սպառնացել է, թե կայրի Մատենադարանը, եկեղեցականները բերել եւ փաշայի ոտքերի տակ են թափել համալիրի ողջ գանձարանը, չնայած դրանով չեն էլ կարողացել փրկվել Մատենադարանը այրումից: Երկրորդ անգամ. ըստ Հովսեփյանի, եկեղեցին խոր անկում ապրեց արդեն 20-րդ դարում, երբ թաթար-մոնղոլների հրից ու սրից փրկված եզակի գրականությունը հրի ճարակ դարձավ կոմունիստների ու կոմսոմոլների ձեռքով: Դա 1936 թվականն էր, երբ 4 օր շարունակ կոոմունիստներն ու կոմսոմոլները, շրջապատած եկեղեցու ողջ տարածքը, այրում էին հայոց մատյանները, այրում էին այնպիսի ուշի-ուշով, որ հանկարծ մի թերթիկ թուղթ անգամ չթռնի, չկորի, որ հանկարծ մի եզակի պատառիկ անգամ չմնա որպես հուշ: “Մոնղոլների 1375 թվականի այն օրն էր Գոշավանքի համար սեւ օր, եւ սեւ էր 1936 թվականը”,-ասում է Արծրուն Հովսեփյանը: Այդ սեւ օրերի շարանը չշարունակելու համար այսօր է պետք մտածել “Գոշավանք” պատմամշակութային համալիրի փրկության մասին:

Նարինե Վարդանյան
© ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ