Էկոլոգիական թեժ կետեր


Սեւանի իշխան, թե՞ խեցգետին

ՀՀ ԳԱԱ Հիդրոէկոլոգիայի եւ ձկնաբանության ինստիտուտի փոխտնօրեն, Կովկասի տարածաշրջանային բնապահպանական կենտրոնի (REC Caucasus) ԶԼՄ-ների եւ հասարակայնության մասնակցության ծրագրի էքսպերտ Բարդուխ Գաբրիելյանը փաստում է, որ Սեւանում սկզբնապես եղել է երեք տեսակի աբորիգեն ձուկ՝ իշխանը՝ իր 4 ռասաներով, կողակը եւ բեղլուն: Շատ չարչրկված այն հարցին, թե ջրի մակարդակի բարձրացումից արդյո՞ք իշխանի պաշարները կշատանան, էքսպերտը պատասխանեց, որ անկախ ջրի մակարդակի բարձրացումից, իշխանի քանակը լճում չի կարող շատանալ: Ինչու՞: Պատճառն այն է, որ այդ չորս տարատեսակներից երկուսը ձվադրում էին գետում, երկուսը՝ լճում: Նրանք, որ ձվադրում էին լճերում, փաստորեն, ըստ Բ. Գաբրիելյանի, վերացել են լիովին: Դրանք են ձմեռային բախտակը եւ բոջակը: “Մնում են գետում ձվադրող երկու տեսակները, որոնց պաշարները այսօր կանգնած են վերացման վտանգի առջեւ, քանի որ հիմնական բուծարանները մասնավորների ձեռքում են: Այս դեպքում մասնավորի լրջախոհության վրա չի կարելի հույս դնել”: Սրանցից մնացել է միայն Գեղարքունին, գրեթե վերացման եզրին է ամառային բախտակը: Մասնագետի հավաստմամբ, ձկան պաշարների պահպանման հարցում անհրաժեշտ է, որ ուղղակի միջոցառումներ ձեռք առնվեն, որ գոնե եղածը պահպանվի, վերարտադրողականությունը կարգավորվի, ինչն էլ կօգնի պաշարների շատացմանը: Իսկ ահա “Սեւան” ազգային պարկի տնօրեն Գագիկ Մարտիրոսյանի հավաստմամբ իրենք պայմանագիր ունեն 2 ձուկբուծարանների հետ, որոնց շնորհիվ պահվում է մոտ 150.000 գեղարքունի տեսակի մանրաձուկ: Գ. Մարտիրոսյանի խոսքով՝ Սեւանում արգելված է ամառային բախտակի որսը եւ ազգային պարկը մշտապես հսկում է, որպեսզի ձկնագողերը չորսան իշխանի այս արդեն վերացող տեսակը՝ ամառային բախտակը, իսկ եղածներն էլ կարողանան պահպանել՝ որպես մայրական կազմ: 20-ական թթ. կեսերից Սեւանա լիճ է ներմուծվել սիգը եւ լադուգը: Լճում սիգը կարողացավ բավական հաջող զարգանալ, եւ ներկայումս այն դարձել է կարեւոր արդյունագործական տեսակ: Հետագա տարիներին ներմուծվել են նաեւ կարասը եւ լճածածանը: Վերջինս լճում բավական արագ զարգացավ եւ անգամ արդյունագործական իր ծավալներով անցավ կողակից, եւ հիմա երկրորդ տեղում է: Նրա որսը սահմանափակված չէ: Բ. Գաբրիելյանի հավաստամամբ, լճածածանը Սեւանի համար անգամ համարվում է անցանկալի ձկնատեսակ: “Դա կապված է եւ' կերի պաշարների սպառման հետ, եւ նաեւ այն բանի հետ, որ այն զարգանում է հիմնականում էգերով եւ շատ արագ տարածվում է”,-նշեց Բարդուխ Գաբրիելյանը: Իսկ ահա կողակը, մասնագետի խոսքով, կարելի է համարել կրճատվող ձկնատեսակ, նրա պաշարները գնալով նվազում են: Եվ նրա վերականգնումը ավելի երկար տարիներ կպահանջի, քան անգամ իշխանինը: Գրեթե նույն վիճակում են նաեւ սիգի պաշարները: Էքսպերտը փաստեց, որ մեծ չափի սիգ լճում գրեթե չկա: Մնացել են միայն մանր ձկները, որոնց որսը արգելված է: Սրան հակառակ Սեւանա լճից մեծ քանակությամբ վերջին տարիներին բռնվում եւ արտահանվում է խեցգետնին: Թե ուր է արտահանվում խեցգետինը, Գագիկ Մարտիրոսյանը տեղյակ չէ: Նա միայն ասաց, որ վերջերս “Սեւան” ազգային պարկը պայմանագիր է կնքել “Բարս” ընկերության հետ, որը 2004 թվականին նախատեսում է Սեւանից որսալ 300 տոննա խեղգետին, 150 տոննայի որսն արդեն կատարված է: Նշենք նաեւ, որ Գ. Մարտիրոսյանի խոսքով՝ խեղգետնի արտահանումից մեր “պետության բյուջեն լուրջ գումարներ են մտնում”. 1կգ.-ի դիմաց 200 դրամ բնավճար: 1993 թվականից Սեւանա լճում ձկնապաշարների ուսումնասիրությամբ զբաղվում է միայն ՀՀ ԳԱԱ Հիդրոէկոլոգիայի եւ ձկնաբանության ինստիտուտը: Ինստիտուտի փոխտնօրենի խոսքով, ինչ-ինչ պատճառներով այդ ուսումնասիրությունները գրեթե 4 տարի դադարեցվել են: Եվ հիմա, երբ վերսկսել են այդ ուսումնասիրությունները, Բարդուխ Գաբրիելյանը վստահեցնում է, որ պաշարների ճշգրիտ հաշվարկ հնարավոր չէ անել, “կարելի է միայն արձանագրել զարգացման միտումը”: Նա նաեւ հույս է հայտնում, որ ամենաուշը մինչեւ հունվար գոնե այդ “միտումները” հայտնի կդառնան: Եվ եթե մինչ հիմա դեռեւս պարզված չէ ձկան պաշարների քանակը, ինչպես կարելի է հուսալ, որ մի քանի տարի հետո մենք չենք կանգնի խեցգետնի պաշարների վերցման վտանգի առջեւ հարցին, Գ. Մարտիրոսյանն ընդամենն ասաց, որ իր տվյալներով “խեղգետնի պաշարները լճում շատ են, տեղեր կան, որ կես մետր բարձրությամբ իրար վրա նստած են”: Ահա այսպիսի հուսադրող փաստերով էլ թույլատրվում է լճից խեցգետնի տոննաներով որսը: “Սեւան” ազգային պարկի տնօրենից փորձեցինք պարզել նաեւ, թե ինչ վիճակում է այսօր Սեւանա լճի հատակի վիճակը: Տեղեկություններ էին տարածվել, թե Սեւանի հատակն ամբողջովին վեր է ածվել անվադողերի գերեզմանոցի: Գ. Մարտիրոսյանը հավաստիացնում է, որ ջրի հատակում, անշուշտ, կա աղբ, այդ թվում եւ ՝ անվադողեր, սուզված նավեր ու նավակներ, լողամիջոցներ, բայց դրանք որակ չեն կազմում եւ հաստատ այնտեղ չկա անվադողերի գերեզմանոց: Մեզ մնում է միայն հավատալ, քանի որ տնօրենը հավաստիացնում է, թե վերջերս ինքն անձամբ է սուզվել եւ ուսումնասիրել լճի հատակը:

Նարինե Վարդանյան
© ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ