|
Ուշադրության արժանի առանձին թեմա է Սեւանի բուսաբանական այգին: Այստեղ եղած ցանկացած մարդ կվստահեցնի, որ այն հրաշք է, իսկական հրաշք՝ բնության եւ մարդու կողմից ստեղծված, եւ հոգատար ձեռքերով խնամված: 1948 թվականին 4հա. տարածքի վրա ստեղծվել է Սեւանի բուսաբանական այգին, ներկայումս այն զբաղեցնում է մոտ 6հա. տարածություն: Այստեղ կա 480 տեսակի ծառ ու թուփ, այդ թվում Հայաստանի կարմիր գրքում տեղ գտած այնպիսի տեսակներ, ինչպիսիք են Կովկասյան բալասանին, յաբլոնիա նեզվիդսկոյե եւ այլն: Ուղիղ Բուսաբանական այգու մուտքի մոտ մոտ 2000մետրի վրա կա մի յուրահատուկ հավաքածու՝ հայկական ավանդական տեսակների /սորտերի/ պտղատու ծառերի հավաքածու: Օրինակ, այստեղ կարելի է տեսնել կեռասենի, ծիրանի, խնձորենի, տանձենի եւ այլ պտղատու ծառատեսակներ: ՀՀ ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտի տնօրեն Աշոտ Չարչօղլյանը հավաստիացնում է, որ այս փորձը հետագայում հնարավորություն կտա ստեղծել տնկարան, որը Սեւանի ֆերմերներին կապահովի պտղատու տնկանյութով, “բայց այնպիսի տնկանյութերով, որոնց սորտային կազմը, բերքի մասին տվյալները նախապես հայտնի կլինեն”: Ա. Չարչօղլյանը ասում է նաեւ, որ այս փորձը յուրահատուկ է նրանով, որ Հայաստանի մեկ այլ վայրում չկա, գոյություն չունի ավանդական սորտերի այսպիսի հավաքածու: Սրանք հատուկ ընտրված, ցրտադիմացկուն, կարճ վեգիտացիոն շրջան ունեցող սորտեր են: Եվ գուցե, եթե Աստված բարեհաճ լինի, տարիներ հետո մենք կհպարտանանք Սեւանի ավազանում աճեցրած ծիրանով: Փաստենք նաեւ, որ Սեւանի բուսաբանական այգին պահվում է, մեղմ ասած, լոկ ինտուզիազմի հաշվին: Այգին չունի ոչ մի աշխատող: Կա միայն տնօրեն, որը հնարավոր եւ անհնար ամեն ինչ անում է այգին պահելու եւ պահպանելու համար:
Նարինե Վարդանյան © ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ
|