|
Ընդհանուր առմամբ “Սևան” ազգային պարկը զբաղեցնում է մոտ 150 հազար հա. տարածք, որից 125 հազար հա.-ն ջրային տարածքն է, 25 հազարը՝ հողային մակերեսը: Վերջինս բաժանված է ռեգրացիոն, տնտեսական և արգելոցային գոտիների: Եվ իհարկե նորություն չէ, որ արգելոցային գոտում մարդու ցանկացած միջամտություն արգելվում է, այն բնական մոդել է և պետք է պահպանվի ինքնին, անգամ սանիտարական հատումներն այստեղ արգելված են, միակ ուժը, որ իրավունք ունի այստեղ գործելու՝ բնությունն է: Սակայն Արտանիշի արգելոցում շրջելուց լրագրողների համար պարզ դարձավ, որ այս հատվածում արգելոցային հասկացություն, մեղմ ասած, չի գործում: Արտանիշի արգելոցը կազմում է մոտ 1200 հա. մակերես: Այդ տարածքի ավելի քան 10 հա. զավթված է, և կարևոր չէ, թե ում կողմից: Կարևորն այստեղ փաստն է, օրենքը չհարգելու մեր հերթական դրսևորումը: Այս ամենի մեղավորը ՀՀ ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտի տնօրեն Ա. Չարչօղլյանի կարծիքով մեկը մյուսին հակասող մեր օրենքներն են: Մինչև 1989 թ. այստեղ կատարվել է գոտիավորում: Ներկայումս նախատեսվում է իրականացնել նոր գոտիավորման աշխատանքներ: Սակայն մինչ նոր գոտիավորում անցկացնելը պետք է որ պահպանվեր հին ռեժիմը: Այնինչ Արտանիշի արգելոցի մի հատվածում այսօրվա դրությամբ արածում են անասունները, մեկ այլ հատված դարձել է տնամերձ հողամաս, երրորդ մասում կառուցվում է ինչ-որ մեկի շքեղության ձգտող առանձնատունը…
Այս անգամ ևս բնության գործերին խառնվում է մարդ արարածը, խառնվում է՝ ոչ բարի նպատակներով:
Հերթական անգամ կամա թե ակամա մտաբերում ես մեծն Սևակի մտորումները, որ թեև Սևանի կամ Արտանիշի արգելանոցի մասին չեն, բայց անվերապահորեն վերաբերում են նաև վերջիններիս: Սևանը պատմություն չէ, այլ ներկա: Այն ծնունդ է հազարամյակների, նրա դիմաքանդակը կերտել ու դեռ կերտում է նորին մեծություն Ժամանակը, կերտում է դանդաղ ու անշտապ ու դեռևս վար չի դրել իր ձեռքի մուրճն ու ռնդան: Յուրաքանչյուր ժամանակահատվածում մարդուն էլ է տրված՝ խառնվել այդ կերտման արարողությանը, մեկին՝ իր բարի գործով, մյուսին՝ չար: Ուրեմն “առիթ կա, որ պատճառ արժե: Չփախցնենք այդ առիթները”: Հիմա ճիշտ ժամանական է Սևանի համար բարիք գործելու:
Նարինե Վարդանյան © ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ
|